«Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում.․» մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, որին ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է`

Ընտանիքը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հաշվառում ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին մի շարք սարսափելի մանրամասներ պատմեց։ Պարզվում է` ընտանիքում սա առաջին բռնության դեպքը չէ։
Ի՞նչ է հայտնի մոր մասին՝

Դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կինը 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Ըստ «Դատալեքսի»` նա 2017 թ. դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2017թ․ հունիսի 9-ին սուտ մատնություն կատարելու համար։ Կինը իրավապահներին հայտնել էր, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարման մեջ՝

Մասնավորապես, Աննան ասել էր, թե Խեչյանը նաև վատ աշխատանք կատարելու, ուշ արթնանալու համար պարբերաբար ծեծի է ենթարկել իրենց, ինչպես նաև արգելել է հեռանալ անասնաֆերմայի տարածքից։ Դատարանն Աննա Արևշատյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև հանգամանքը, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, և խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան չորս երեխա (2017թ. դրությամբ):
Ի՞նչ է հայտնի հոր մասին՝

Աննա Արևշատյանի ամուսինը 34-ամյա Թաթուլ Մադաթյանն է։ Նա մոտ տարի ու կես առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։ «Դատալեքսում» 2022 թվականի հունվարով թվագրվող քրեական գործի ինֆորմացիան փակ է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն Աննա Արևշատյանի երկրորդ ամուսինն է, Իջևանից է։ Այս պահին հայտնի չէ` արդյոք նա աղջիկների հայրն է, թե ոչ։ Մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ընտանիքը շատ պարտքեր է ունեցել, պարբերաբար փոխել է բնակության վայրը։
Ինչպե՞ս բացահայտվեց ընտանիքում երեխաների նկատմամբ սեռական բռնության գործադրումը

Ուսուցչուհու խոսքով` այն, որ ընտանիքում բռնություն կա, պատահականորեն է բացահայտվել, նախկինում երբևէ կասկածներ չեն ունեցել։

«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։
Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։

Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ աղջկան սեռական բռնության է ենթարկել ընտանիքի հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։