Առпղջшկшն ինչ ԽՆԴԻՐՆԵՐԻ մшuին կшրпղ է վկшյել шռшs Քրsնшրsшդրпւթյпւնը
Քրտնարտադրությունը կարող է շատ տհաճ լինել, սակայն դա բնական երևույթ է, որը շատ կարևոր նշանակություն ունի առողջության համար: Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, մարդու նյարդային համակարգն ակտիվացնում է քրտնագեղձերը, ինչը խոնավեցնում է մաշկն ու օգնում է իջեցնել մարմնի ջերմաստիճանը:
Այսպիսով՝ քրտնարտադրությունը շատ կարևոր նշանակություն ունի մարնմի ջերմաստիճանի կարգավորման համար, սակայն լինում են դեպքեր, երբ չափազանց առառ քրտնարտադրության միջոցով օրգանիզմը նախազգուշացնում է առողջական լուրջ խնդիրների մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 5 խնդիր, որոնց մասին վկայող ախտանշաններից մեկը կարող է լինել առատ քրտնարտադրությունը: Սա կօգնի ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու խուսափել հետագա բարդացումներից:
1. Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ
Արյան մեջ շաքարի մակարդակը կարող է փոխվել օրվա ընթացքում, սակայն եթե մարդը տառապում է շաքարային դիաբետից կամ զարկերակային ցածր ճնշումից, ապա շաքարի մակարդակի նվազումը կարող է դրսևորվել այնպիսի տհաճ ախտանշաններով, ինչպիսին են առատ քրտնարտադրությունը, դողը, գլխապտույտը, տեսողության վատացումն ու սրտխառնոցը:
2. Նյարդային գերլարվածություն, սթրես, վախ և այլն
Նյարդային գերլարվածությունը, անհանգստությունը, սթրեսը, վախը և նմանատիպ այլ տհաճ հոգեվիճակները նույնպես կարող են դառնալ առատ քրտնարտադրության պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հանգստացնել նյարդային համակարգը, հաճախ հանգստանալ (ցանկալի է բնության գրկում), յոգայով զբաղվել և հանգստացնող թեյեր խմել:
3. Հորմոնալ փոփոխություններ
Օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները նույնպես կարող են դրսևորվել այս ախտանշանով և հենց սա է պատճառը, որ առատ քրտնարտադրությունն ու «մակընթացությունները» համարվում են դաշտանադադարի մասին վկայող հիմնական ախտանշանները:
4. Արևահարություն
Չափազանց շոգ եղանակին արևի ճառագայթների տակ երկար ժամանակ անցկացնելու դեպքում մարմինը փորձում է հովանալ քրտինքի միջոցով, ինչը բնական երևույթ է, սակայն եթե նման եղանակին մարդը չի քրտնում և նկատվում է գլխապտույտ ու թուլություն, ապա հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել: Բանն այն է, որ նման վիճակը վկայում է օրգանիզմի գերտաքացման ու արևահարման մասին, ինչը նշանակում է, որ օրգանիզմն արդեն վատնել է ջերմաստիճանի կարգավորման բոլոր հնարավորությունները: Սա կարող է շատ վտանգավոր լինել, ուստի այս ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Նման դեպքերում հարկավոր է շտապ որևէ հով տեղ գնալ, հնարավորինս շատ ջուր խմել և գոլ ջրով լոգանք ընդունել: Եթե անգամ ձեռնարկած միջոցները չեն օգնում բարելավել ինքնազգացողությունը, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար:
5. Վահանագեղձի ֆունկցիոնալ ակտիվության բարձրացում (վահանաձև գեղձի գերֆունկցիա)
Վահանագեղձի ֆունկցիոնալ ակտիվության բարձրացումը բավական վտանգավոր հիվանդություն է, որն անվանվում է թիրեոտոքսիկոզ: Այս հիվանդության առաջին ախտանշաններն են առատ քրտնարտադրությունն ու շոգի զգացողությունը անգամ բավական ցուրտ եղանակին: Ավելի ուշ ի հայտ են գալիս նաև այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են անքնությունը, դյուրագրգիռությունը, ընդհանուր թուլությունը և այլն:
Վահանաձև գեղձն անչափ կարևոր օրգան է, ուստի նման ախտանշանները կարող են շատ վտանգավոր լինել: Սա է պատճառը, որ դրանց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ) և բուժզննում անցնել, ինչը կօգնի հստակ ախտորոշել խնդիրն ու սկսել անհրաժեշտ բուժումը: